Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

24 апр. 2015 г.

Հայերը Հնդկաստանում

Պատմական այս կամ այն իրադարձությունների հետևանքով հայերը տարբեր ժամանակներ ապաստան են փնտրել հեռավոր երկրներում, ուր նրանք գտել են խաղաղ կյանք և աշխատանքի պայմաններ: Ապաստաններից մեկն էլ այս հյուրընկալ
երկիրն է եղել, ուր ժամանակին ստեղծվել է հայկական առաջադեմ և հարուս գաղութը:

Հայ պոետ Մալիկա Ջան (ապրել է 19-րդ դարի երկրորդ կեսին)
Հայերի կապը Հնդկաստանի հետ եղել է ավելի վաղ, քան հնդկահայ գաղութի ստեղծումը։ Առաջին հայ համայնքները Հնդկաստանում ձևավորվել են XVI դարում, ապա ստվարացել XVII– XVIII դարերում (շուրջ 25 հզ. հայ):
Հայերը մեծ ընդունելություն ունեին հատկապես Մեծ Մողոլների թագավոր Աքբար Մեծի ժամանակ, որի մայրաքաղաքն էր Ագրան։ Աքբարը ոչ միայն Հնդկաստանի շինարար ղեկավարներից էր, այլև արվեստն ու կուլտուրան հովանավորողներից մեկը։ Նա գնահատում է հայ արհեստավորների ու վաճառականների ձեռներեցությունն ու հմտությունը։

Աքբար Մեծ
Հայկական առաջին գաղութը ստեղծվեց Աքբարի մայրաքաղաք Ագրայում։ Դրանից հետո հայկական համայնքներ հանդես եկան Հնդկաստանի տարբեր կենտրոններում՝ Սուրաթում, Լահորում, Դելիում, Հայդարաբադում, Բոմբեյում, Մադրասում, Կալկաթայում, Սաիդարադում, Չինապուրում, Դաքայում և այլ տեղերում։

«Հայերը Հնդկաստանում» գրքի կազմը

Հնդկական հողում, ամենից շատ երկու քաղաքում՝ Մադրասում և Կալկաթայում հայերը կարողացան ուժեղ դիրք ձեռք բերել։ Իսկ ամենից նշանավորը՝ իր անցյալով, եղավ Մադրասը։ Նրա պատմությունը հայ ժողովրդի տարեգրության կարևոր էջերից մեկը եղավ։

Սբ. Մարի Հայկական եկեղեցին Մադրասում (Հիմնադրված՝ 1772թ.-ին)
Մադրասի հայերը զբաղվել են նաև գրական, կրթական և ազգային մշակույթի այլ հարցերով։ Այստեղ նրանք ստեղծել էին տպարան, հրատարակել գրքեր և լույս ընծայել առաջին հայ պարբերականը՝ «Ազդարարը»։


Հնդկահայերի կյանքում մեծ իրադարձություն էր, երբ Կալկաթայում հիմնադրվեց ճեմարանը։ Դա տեղի ունեցավ 1821 թվականի ապրիլի 2-ին և այժմ էլ գործում է։

Կալկաթայի հայկական քոլեջը
Ճեմարանի պաշտոնական անվանումն է «Հայոց մարդասիրական ճեմարան»։ Նա Կալկաթայում հայտնի է ուղղակի Հայկական Քոլեջ անունով և գտնվում է Հին Չայնաբազար փողոցում՝ հայոց եկեղեցուց ոչ հեռու։ Ճեմարանը մի քանի շենքերից բաղկացած հաստատություն է, որը 141 տարի է, ինչ գոյություն ունի։ Ինչպես հայտնի է այդ ճեմարանը հաստատված է հնդկահայերի մեջ հայոց լեզվի, գրականության և ընդհանրապես ազգային մշակույթի պահպանման համար։ Նա սկզբից ի վեր այդ նպատակին է ծառայել։ Այս ճեմարանում դասավանդել են հայ նշանավոր մտավորականներ՝ Հ. Աղանուրյանը, Հ. Ավդալյաւնը, Մ. Թաղիադյանը և ուրիշներ։


Հնդկաստանի տարբեր քաղաքներում, տարբեր ժամանակներում տպագրվել են տասից ավելի ամսագրեր և պարբերականներ, որոնցից հիշենք՝ «Ազդարար» (1794 թ. Մադրաս), «Հայելի» (1820 թ. Կալկաթա), «Շտեմարան» (1822 թ. Կալկաթա), «Ազգասեր» (1845 թ. Կալկաթա), «Ազգասեր Արարատյան» (1848 թ. Կալկաթա), «Ուսումնասեր» (1849 թ. Սինգապուր), «Եղբայրասեր» (1862 թ. Կալկաթա):
Հրատարակված այս թերթերի մեջ երկուսը՝ «Ազդարարը» և «Ազգասեր» կամ «Ազգասեր Արարատյանը» ամենակարևորներն են։

«Ազգասեր Արարատյան» պարբերականը
Հնդկահայության մասին ավելին շատ տեղեկություն ստանալու համար կարող եք կարդալ Կամսար Ավետիսյանի "Հայրենագիտական էտյուդներ" գրքի Հայերը Հնդկաստանում բաժինը. --- http://armenianhouse.org/avetisyan/india.html

Комментариев нет:

Отправить комментарий