Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

2 мар. 2018 г.

Հոլի

Հոլին կամ գույների փառատոնը՝ հնդկական ամենահայտնի տոներից է, որը խորհրդանշում է գարնանամուտը, ինչպես նաև բարու հաղթանակը՝ չարին։ Այն նշվում է երկու-երեք օր, փետրվարի վերջի ու մարտի սկզբի նորալուսնի ժամանակ ( Այս տարի` 2018թ.-ին այն նշվում է մարտի 2-ին, 2019 թվականին կնշվի Մարտի 21-ին )։ Տոնի առաջին օրը` երեկոյան, մեծ խարույկ են վառում, վրան այրելով հսկայական խրտվիլակ կամ զարդարված ծառ, խորհրդանշելով Հոլիկի այրումը: Երկրորդ օրը հայտնի է Դհուլանդի կամ Ռընգըվալի անուններով, որի ժամանակ մարդիկ միմյանց ներկում են գունավոր փոշիներով ու իրար վրա լցնում գունավորված ջուր: Դրանք ուղեկցվում են հնդկական երգ ու պարով:


Տոնի ծագման մասին կան մի քանի վարկածներ, որոնք կապ ունեն Հնդկաստանի տարբեր շրջանների հետ: Այս օրը կրակ վառելու ամենատարածված վարկածն այն է, որ ըստ հինդուիստական մի առասպելի Վիշնու աստվածը մրցում է Հիրանյակաշիպու թագավորի քրոջ Հոլիկայի ( տոնի անվանումը ծագել է հոլիկա բառից ) աստվածային չար ոգու հետ: Բրահմա աստվածը Հիրանյակաշիպու թագավորին անմահություն է շնորհում, որը նրան գոռոզության է տանում, նա մտածում է, որ եթե անպարտելի է, ուրեմն ինքն էլ աստված է և հրամայում է բոլորին՝ միայն իրեն երկրպագել, իսկ ովքեր չենթարկվեն իր կամքին կպատժվեն և կսպանվեն: Նրա որդին՝ Պրահլադան, չհամաձայնվելով հոր հետ հրաժարվում է երկրպագել նրան և մնում է հավատարիմ Վիշնու աստծուն, ինչը շատ է զայրացնում Հիրանյակաշիպուին: Նա տղային ենթարկում է դաժան պատիժների, սակայն Պրահլադան չի փոխում որոշումը: Թագավորը տղային սպանելու համար օգնության է դիմում քրոջը՝ Հոլիկային, ով խաբելով տղային իր հետ նստեցնում է խարույկին: Հոլիկան ուներ հատուկ մի շալ, որը նրան պաշտպանում էր կրակից, իսկ Պրահլադան ոչինչ չէր կրում: Կրակը հանկարծ սկսում է բոցկլտալ և Հոլիկայից թիկնոցը պոկվում, փաթաթվում է Պրահլադային: Հոլիկան այրվում է, իսկ թիկնոցը պաշտպանում է տղային: Վիշնուն հայտնվում է Նարասիմհայի տեսքով ( կես մարդու և կես առյուծի ) և սպանում Հիրանյակաշիպուին` մարդկանց ազատելով նրա պարտադրանքներից և վախից: Այսպիսով խորհրդանշելով բարու հաղթանակը չարի դեմ:


Հոլի տոնին միմյանց տարբեր գույներով ներկելու ավանդույթը կապում են Կրիշնայի հետ: Ըստ առասպելի փոքրիկ Կրիշնան գանգատվում էր մայրիկին, թե ինչու է Ռադհայի ( ում նա սիրում էր ) դեմքն այդքան սպիտակ, իսկ իրենը՝ կապույտ: Մայրը որդուն խորհուրդ է տալիս բազմերանգ գույներով ներկել Ռադհայի դեմքը, որպեսզի այդքան արտաքին տարբերություն չլինի:


Օգտագործում են լվացվող, բնական ծագում ունեցող գույներ: Կարմիր և նարնջագույն գույները ստանում են պալաշ կամ տեսու կոչվող ծառի ծաղիկներից, կանաչը՝ մեհենդի ծառի չորացած տերևներից, կապույտը՝ ինդիգո բույսից, դեղինը՝ քրքումի փոշուց, մանուշակագույնը ստանում են բազուկից, հաճախ դրանք ուղղակի խաշում են ջրում և ստանում գունավոր ջուր:


Այս տոնին պատրաստվում է հատուկ ըմպելիք «տհընդաի», զարդարված «բհանգոմ»-ով` պարունակելով մարիխուանայի ոչ այդքան մեծ քանակություն:


Комментариев нет:

Отправить комментарий